
Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։
Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐԻ ՄԱՍԻՆ
Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաներն իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։
Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են։