
Տոնածառի ծագման և գործածության մասին կան բազմաթիվ առասպելներ, հեքիաթներ և ավանդություններ, որոնցից մեկի համաձայն Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը (16-րդ դար): Իսկ Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը հետևյալն է.
Երբ Բեթղեհեմի քարայրներից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը, ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը: Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը՝ արմավենին, թթենին ու եղևնին: Երբ շոգն ընկավ, արմավենին պարզեց իր լայն տերևները, որ հով անի Հիսուսին: Թթենին իր տերևները տվեց, որ նրա համար փափուկ անկողին պատրաստեն:
-Իսկ իմ տերևները փշոտ են: Ես ոչինչ չունեմ Մանուկ Հիսուսին տալու,-մտորեց եղևնին ու սկսեց լաց լինել:
Երբ մթնեց, ու երկնքում վառվեցին աստղերը, նրանք որոշեցին օգնել եղևնուն: Կամաց-կամաց աստղիկները ներքև իջան, նստեցին եղևնու ճյուղերին, և նա սկսեց փայլել ու շողշողալ: Երբ փոքրիկ Հիսուսն արթնացավ ու տեսավ փայլփլող ծառը, շատ ուրախացավ: Դա եղավ ամենագեղեցիկ նվերը Հիսուսին:
Այդ օրից սկսած՝ եղևնին դարձավ Ամանորի ծառ, Սուրբ Ծնունդի ծառ:
Նախկինում տոնածառը զարդարվել է զանազան մրգերով՝ խնձորներով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, քաղցրավենիքով, ընկույզով, կոպեկներով, փոքրիկ քսակներով՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ: 18-րդ դարում տոնածառը սկսեցին զարդարել մոմերով, իսկ էլետրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինեցին լամպերը: Այսօր տոնածառները զարդարում են տարբեր փայլուն խաղալիքներով, ամանորյա զարդերով:
Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը: Տանտերերը մի ձիթենու ճյուղ էին կտրում, բերում տուն, այն՝ իբրև կաղանդի ծառ, զարդարում բնական զարդերով՝ կաղիններով ու ընկույզներով: Երեկոյան հաստ ճյուղը խրում էին նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ, իսկ առավոտյան տանում էին եկեղեցի՝ քահանային օրհնել տալու: Հետո բերում էին տուն և ամրացնում գերանին: