Տառային արտահայտություններ
Մենք շատ անգամ ենք համոզվել, թե որքան հարմար է գրառումները կարճ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանների միջոցով:
Գիտենք թվաբանական գործողությունների նշանները՝ +−:×
Հիշենք նաև համեմատման նշանները =≠<> և փակագծերը՝ ():
Թվեր, գործողությունների նշաններ և փակագծեր պարունակող արտահայտությունները կոչվում են թվային արտահայտություններ:
Օրինակ
Մատիտն արժե 40 դրամ, իսկ գրիչը՝ 100 դրամ:
«Մեկ գրիչը 20 դրամով թանկ է երկու մատիտներից» նախադասությունը կարճ կգրվի այսպես՝ 100=2⋅40+20
Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառում են լատիներեն տառեր՝ a,b,c,d
Հաճախ անհայտ մեծությունները գրում են x տառի միջոցով,
s-ով ընդունված է նշանակել ճանապարհի երկարությունը (օրինակ՝ մեքենայի անցած),
m-ով՝ առարկայի զանգվածը,
t-ով՝ ժամանակը:
Եթե վերևի օրինակում մեզ հայտնի չեն մատիտների և գրիչների գները, ապա կարող ենք դրանք գրել տառերի միջոցով:
Օրինակ
Դիցուք մեկ մատիտն արժե x դրամ, իսկ գրիչը՝ y դրամ:
Երկու մատիտը և չորս գրիչները միասին կարժենան 2⋅x+4⋅y դրամ:
Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:
Մեր ստացած 2⋅x+4⋅y արտահայտությունը տառային արտահայտություն է:
Որոշ դեպքերում պարզության համար ընդունված է բազմապատկման նշանը չգրել՝ օրինակ՝ 2⋅x+4⋅y գրառման փոխարեն գրում են 2x+4y:
Տառային արտահայտության արժեքը գտնելու համար, պետք է ունենալ նրա մեջ եղած տառերի արժեքները:
Եթե վերցնենք x=40 դրամ և y=100 դրամ, ապա կստանանք 2x+4y=2⋅40+4⋅100=480:
Ստացած 480 թիվը 2x+4y տառային արտահայտության արժեքն է: