Մխիթար Գոշ․ Մարդն ու ծառերը
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Մխիթար Գոշ․ Ձկները և նրանց թագավորը
Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.
— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.
— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Վարդան Այգեկցի․ Առյուծը, գայլը և աղվեսը
Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, մի մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:
Վարդան Այգեկցի․ Թագավորն ու ծերունին
Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։ — Ով ծերունի,— ասում է թագավորը,— ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր–վաղը գնալու ես։
— Թագավո՛ր,— պատասխանում է ծերունին,— մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի: — Տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորն իր ենթականերին,— որովհետև բարի ու լավախոհ մարդ է: Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։
— Ինչո՞ւ գոհ եղար,— հարցնում է թագավորը։ — Որովհետև,— պատասխանում է ծերունին,— ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։ — Դարձյալ տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորը: Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը: — Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,— հարցնում է արքան։ — Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։ Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։