Գոյական և Հոլովներ․ Տնային առաջադրանք․ Հայոց լեզու 7

Գոյականի թիվը  ցույց է տալիս առարկաների քանակ:

Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, լիճ, աղջիկ

Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:

Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ

Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:

Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ:

Ուշադրություն

Ֆիդայի բառը վերջում ն չունի, իսկ պատճեն բառը ունի:

Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ:

1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:

Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:

Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան:

Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներ վերջավորություն: Սա բացառություն է:

2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են եր վերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է:   

Օրինակ

Ջրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր:

 Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր —ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես մեր օրինակում՝ ջրափոս  նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով:

Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին  միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ:

Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք  նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ:

3. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ արկղեր:

Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ:

Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ հնչյունակապակցություններով: Այս բառերում գաղտնավանկի ը ն բառասկզբում է՝  /ը/սպա:

Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ

Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսերԴրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել: 

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկ:

Տիկին, պարոն և անձ  բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր:

 Հոգնակիի այլ վերջավորություններ չկան. մասնավորապես՝ ք -ն ածանց է, ոչ թե հոգնակիի վերջավորություն, oրինակ՝ բերք

Ոչ բոլոր բառերը ունեն և՛ եզակի, և՛ հոգնակի թիվ:

Որոշ բառեր, հիմնականում օտար աշխարհագրական անունները միայն հոգնակի են, oրինակ՝ Ալպեր, Ֆիլիպիններ:

Սրանք կոչվում են անեզական, այսինքն՝ եզակի թիվ չունեցող բառեր:

Որոշ բառեր էլ, հակառակը, հոգնակի թիվ չեն ստանում, ինչպես՝

  • զգացական իմաստ ունեցող որոշ գոյականներ, oրինակ՝ թախիծ, կամք,
  • ություն, եղեն  ածանցներով որոշ գոյականներ՝ զարդեղեն, աշակերտություն,
  • որոշ այլ բառեր՝ ֆիզիկա, դարվինիզմ:

Ուշադրություն

Հոլովներ

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:

Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:

Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որին հանգում է գործողությունը, նպատակ, տեղ, ժամանակ:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն

Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Ուշադրություն

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:

Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

Գործիական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ, որոնք ցույց են տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, տեղ, ժամանակ, ձև, ինչպես նաև գոյականական անդամի որոշիչ լրացումներ:

Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:

Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Leave a comment