Վիտամին A. Առողջագիտություն 7

Վիտամին A-ն ճարպալույծ վիտամին է, որն անհրաժեշտ է աչքերի, իմունային համակարգի, ընդհանրապես՝ առողջության և մարմնի գրեթե յուրաքանչյուր բջջի նորմալ աճի համար։ Այսօր վիտամին A-ին անդրադառնալը կարևոր ենք համարում՝ հաշվի առնելով կարմրուկի դեմ պայքարում այս սննդանյութի դերը, ինչպես նաև վիտամին A-ի անբավարարության հետ կապված ռիսկերը։

Մարդու օրգանիզմը չի կարող վիտամին A արտադրել, ուստի կարևոր է այն սննդի միջոցով ստանալը, և մեծամասնությունը կարողանում է լրացնել վիտամին A-ի անհրաժեշտ մակարդակը՝ լիարժեք սնվելով։

Ռետինոլի և բետա կարոտինի լավ աղբյուր են՝

լյարդ

ձկնեղեն, յուղոտ ձկնատեսակներ, կակղամորթեր, ձողաձկան լյարդի յուղ

կաթ, պանիր (հատկապես չեդդեր տեսակի պանիրը)

ձու

կանաչի, կանաչ տերևավոր բանջարեղեն

նարնջագույն ու դեղին բանջարեղեն, մրգեր, լոլիկ

սեխ (հատկապես կանտալուպ տեսակը)

ծիրան

նարինջ և այլն։

Վիտամին A-ի ավելի լավ յուրացումն ապահովելու համար այս վիտամինը պարունակող մթերքները կարելի է համադրել օգտակար ճարպերի և յուղերի հետ։

Վիտամին A-ն կարևոր է լավ տեսողության, մաշկի առողջության և ձեր իմունային համակարգի լավ գործունեության համար։

Դուք կարող եք այս վիտամինի բավարար քանակներ ստանալ բազմատեսակ և առողջ սննդակարգով։ Վիտամին A-ի պակասը խիստ հազվադեպ հանդիպող և հեշտ բուժելի վիճակ է։

Leave a comment