Հովհաննես Թումանյան. « Անուշ » (1903 թ. համառոտ)․ Հայ գրականություն 7

«Անուշ», հայ գրող Հովհաննես Թումանյանի լիրիկական-էպիկական պոեմը։ «Անուշ»-ի նյութը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է իգիթ ընկերների «անհաշտ թշնամությունը»։ Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

Պոեմը բացվում է նախերգանքով: Բանաստեղծը կարոտի կանչով մտովի թռչում է դեպի տուն:

Կանչում է կրկին, կանչում անդադար

Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,

Ու թևերն ահա փռած տիրաբար`

Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն:

Արթնանում են մանկական հուշերի պատկերները, հառնում է մոռացված աշխարհը: Այդ «չքնաղ» երկրի կյանքը նույնպես լեցուն է անդառնալի բախումներով, երբ մարդկանց երազանքները խորտակվում են`բախվելով «հնոց ադաթին»:

Հովիվ Սարոն և Անուշը սիրում են միմյանց: Նրանք երջանիկ են իրենց սիրով: Սակայներջանկությունը չի հասնում իր ծաղկունքին: Անուշը սիրում է Սարոյին, սակայնգեղջկական պարկեշտությունը թույլ չի տալիս նրան լիովին տրվել իր զգացմունքներին: Դաթախիծով է լցնում ջահել աղջկա հոգին: Դժբախտության աղոտ նախազգացումը հանգիստչի տալիս նրան: Աղջիկը համոզված է, որ ինքը դժբախտ է լինելու, քանի որ «մանուկ օրիցեն դեռ իրեն անիծել»:

Գյուղական հարսանիքի ժամանակ Սարոն, Անուշի սիրուց ինքնամոռաց, ընկերական կռիվ-մրցույթի ընթացքում, հակառակ «հնոց ադաթի», ամբոխի առաջ գետին է զարկում Մոսիին`Անուշի եղբորը: Նահապետական սովորույթի համաձայն դա մեծ վիրավորանք է:

Անուշի սերը խոր ու անսահման է, և նա, դուրս գալով նախապաշարված միջավայրի դեմ, փախչում է Սարոյի հետ:

Պակաս անձնուրաց չէ նաև Սարոյի սերը: Նա տառապում է Անուշի կարոտից: Նրաողբերգությունը խորանում է հատկապես ճակատագրական «կոխից» հետո: «Դուշման»դարձած ընկերոջից հալածված` նա թափառում է իր սիրած հանդերում, որոնք նրա համարդժոխք են դարձել: Նա զգում է, որ անդարձ կորել է իր և Անուշի երջանկությունը,ցանկանում է մեռնել: Սակայն անձնվեր սիրահարը վախենում է իր մահով վշտացնել սիրածաղջկան.

Ա՜խ կմեռնեմ, ամա նա

Վայ թե հանկարծ իմանա,

Ես ազատվեմ էս ցավից,

Աչքը լալով նա մնա:

Սարոն զոհ է գնում Մոսիի գնդակին, որն այդկերպ սրբում է իր վիրավորանքը: «Հնոց ադաթը» մահից հետո էլ չի ներում իր դեմ դուրս եկած Սարոյին: Իգիթի մարմինն ամփոփում են հայրենի գետի եզերքին, հեռու իր պապերի շիրիմներից:

Մոսին, ինչպես իր միջավայրի բոլոր մարդիկ, նահապետական սովորությունների գերին է: Նա չէր ուզում դժբախտացնել իր քրոջն ու ընկերոջը, բայց նաև չէր կարող ձեռնոց նետել հասարակական կարծիքին: Նրան ոճրագործության է մղում միջավայրի ծաղրը: Սարոյի սպանությունը, սակայն, հանգիստ չի բերում նրա հոգուն, այլ մատնում է նրան հավիտենական տառապանքի:

Սարոյի մահից հետո կյանքը Անուշի համար դատարկվում է: Նա կորցնում է հոգեկանհավասարակշռությունը և հանգիստ գտնում հարազատ գետի ալիքների մեջ:

Հարցեր և առաջադրանքներ։

Համառոտ ներկայացրու պոեմը։

Վարժ կարդա և փորձիր բերանացի ասել «Անուշ» պոեմի նախերգանքը

ՆԱԽԵՐԳԱՆՔ (Համբարձման գիշերը)   Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

   Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

   Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

   Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…։
  Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։

— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։

  Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։

  Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ․․․

Արմեն Տիգրանյանի(1879-1950) «Անուշը» հայկական ամենահայտնի ու սիրված  օպերան է։ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա ստեղծված օպերան գրվել է 1908-1912 թթ․, սակայն հետագայում կոմպոզիտորը   բազմաթիվ ուղղումներ ու լրացումներ է կատարել։ Օպերայի պրեմիերան կայացել է 1908 թվականի օգոստոսի 4-ին Ալեքսանդրապոլում։ Սարոյի դերակատարը՝ Շարա Տալյանն էր, իսկ Անուշինը՝ Աստղիկ Մարիկյանը։ Հայ երաժշտարվեստի պատմության այս կարևոր իրադարձության մասին հետագայում՝  «Անուշ» օպերայի ստեղծման 50-ամյակի առթիվ, ռադիոհաղորդման ընթացքում պատմել է առաջին Սարոն՝  Շարա Տալյանը(1893-1965):

«Դժվար է հիշել տասնյակ տարիներ առաջ տեղի ունեցած անցուդարձը: Սակայն մարդկանց կյանքում լինում են և այնպիսի իրադարձություններ, որոնք հիշվում են մանրամասնությամբ: Իմ կյանքում նման դեպքերից մեկը եղել է «Անուշ» օպերայի առաջին բեմադրությանը մասնակցելը: Ես տասնինը տարեկան էի, Ներսիսյան դպրոցի վերջին դասարանի սան: Արդեն մի քանի տարի էր, որ ես իմ երգեցողության ուսուցիչ Սպիրիդոն Մելիքյանի երգեցիկ խմբի մենակատարն էի: Հունիս ամսի սկզբներին կանչեց իր մոտ հորաքրոջս որդին՝ Գարեգին Լևոնյանը՝ հայտնելով, որ Ալեքսանդրապոլում ապրող Արմեն Տիգրանյանն ավարտել է իր «Անուշ» օպերան և պատրաստում է բեմադրության: Նա խնդրել է Սարոյի դերակատար գտնել Թիֆլիսում: Իմ ուրախությունը չափազանց մեծ էր: Մի քանի օր անց ներկայացա Արմեն Տիգրանյանին, ասաց. «Շատ ուրախ եմ. բարձրահասակ ես: Սարոն, Մոսին և նույնիսկ Անուշը պետք է որ բարձրահասակ լինեն. լեռնեցի լոռեցիները այդպիսին են: Այժմ լսենք Ձեր ձայնը»: Տիգրանյանը մոտեցավ դաշնամուրին, լսեց ձայնս: Տեսնելով նրա դեմքի գոհունակությունը՝ հանգստացա:


Արմեն Տիգրանյանն առաջին իսկ հանդիպում-պարապմուքների ընթացքում իր մեղմ ու գրավիչ ժպիտով, հոգատար ու ջերմ վերաբերմունքով մտերմություն ստեղծեց մեր միջև, որը հետագայում վերածվեց մեծ բարեկամության մեր ամբողջ կյանքի ընթացքում: Պետք է նշել, որ բավականին վարժ տիրապետում էր դաշնամուրին, սահուն նվագակցում էր իր ամբողջ օպերան: Եվ ռեժիսորը, և՛ նկարիչը, և՛ պարերի բեմադրողն ինքն էր՝ օպերայի հեղինակը: Այս բոլորից զատ՝ դեկորներ, զգեստներ, բուտաֆորիա, ռեկվիզիտ, որոնց ղեկավարը նույնպես կոմպոզիտորն էր:
Ներկայացումը կայացավ քաղաքային ժողովրդական տանը: Դիրիժորն էր առևտրական դպրոցի դասատու Գուրկովիչը, որը նվագախումբ էր կազմել սիրող երաժիշտներից: Ճիշտ է ասել երաժշտագետ Ալ. Շահվերդյանը. «Հայկական դասական օպերան ծնվեց ցնցոտիների մեջ»: Մոտենում էր ներկայացման օրը. ժողովուրդը տոմսեր էր պահանջում, բայց նրանք վաղուց սպառված էին: Ներկայացմանը հրավիրված մեծ բանաստեղծ Հ.Թումանյանը չէր կարողացել գալ, ուղարկել էր իր զավակներից երկուսին և ողջույնի հեռագիր:


Սկսվեց ներկայացումը. «Անուշի» դյութիչ, քաղցրալուր մեղեդիները գերեցին դահլիճի հանդիսականներին: Առաջին ուժեղ ծափերը վիճակված էին «Աղջի, անաստված» արիային: Իհարկե, մենք դեռ լիովին չէինք գիտակցում, որ մեր մասնակցությամբ այդ երեկո տեղի էր ունենում հայկական երաժշտական պատմության մի պայծառ իրադարձություն: Զգացինք, երբ բեմահարթակ հանեցին Արմեն Տիգրանյանին, և ծափերի տարափի տակ։ Ատրպետը դրվատեց հեղինակին, շեշտեց օրվա նշանակությունը:

Հասարակությունը, որ ներկայացման ընթացքում վարձատրել էր հեղինակին և կատարողներիս աղմկոտ ծափերով, չէր հեռանում թատրոնից, ոգևորությանը չափ ու սահման չկար: Այդ օրվանից «Անուշի» սքանչելի մեղեդիները տարածվեցին, ժողովրդականացան: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան ներկայացվել է ամենուր հայաբնակ վայրերում: Բայց նա իր լիարժեք մարմնավորումը ստացել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի պայմաններում»:

Leave a comment