
Կարդում ենք «Տաղարան» շարքից հետևյալ բանաստեղծությունները։
Սովորում ենք անգիր։
Այս տողերից հետո շարքի համար նախամուտք են հետևյալ երկու քառատողերը.
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
* * *
Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…
«Տաղարանը» մի ամբողջական սյուժե է՝ սկզբով, ընթացքով, ավարտով, սյուժե, որտեղ գլխավոր հերոսը՝ Տաղասացը, պարզում է ընդհանրապես իր հարաբերությունները աշխարհի և այդ մեծության առանձին արժեքների հետ: Այն դառնում մի կոմպոզիցիոն ամբողջություն՝ մի յուրահատուկ սիրավեպ աշխարհի հետ: Սիրո, երազի, կարոտի, դառնության, գանգատի, բաժանման հակադիր զգացմուներով ողողված այս շարքն իսկական հարստություն է հայ գրականության համար, անկրկնելի ու յուրահատուկ մի կոթող՝ Սայաթ-Նովայի խոսքով, Չարենցի ոգեղենությամբ ու հոգով՝ նվիրված իր միակ ու անկրկնելի սիրուն՝ Արփենիկին…
*****
Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:
Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։
Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:
———————————
1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
Առաջադրանքներ.
1․ Համեմատիր Չարենցի այս շարքի բանաստեղծությունները Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» բանաստեղծության հետ։