
Ի՞նչ է Գեղձը
Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։
Ի՞նչ է Վահանաձև Գեղձը
- Վահանաձև գեղձը փոքրիկ ներզատական (էնդոկրին) օրգան է, որը տեղակայված է պարանոցի վրա, կոկորդի հիմքի մոտ: Այս գեղձն արտադրում է հորմոններ (կոչվում են թիրեոիդ հորմոններ), որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները: Մասնավորապես, վահանաձև գեղձն իր հորմոնների միջոցով մասնակցում է սրտանոթային համակարգի գործունեությանը, մարմնի ջերմաստիճանի և զանգվածի կարգավորմանը:
- Եթե վահանաձև գեղձը դառնում է գերակտիվ (հիպերթիրեոիդիզմ), թերակտիվ (հիպոթիրեոիդիզմ) կամ ենթարկվում է քաղցկեղային փոփոխությունների, առաջ են գալիս ամենատարբեր բնույթի առողջական խնդիրներ։

Ինչի՞ց կարող է առաջանալ այն
- Վահանաձև գեղձի խնդիրները կարող են պատճառվել տարբեր գործոններով, այդ թվում՝
- յոդի անբավարարություն (դեֆիցիտ)
- աուտոիմուն հիվանդություններ, երբ օրգանիզմի իմունային համակարգն ախտահարում է սեփական հյուսվածքները, այդ թվում՝ վահանաձև գեղձը՝ առաջացնելով թիրեոտոքսիկոզ (որպես Գրեյվսի հիվանդության արդյունք) կամ հիպոթիրեոզ (որպես Հաշիմոտոյի թիրեոիդիտի արդյունք)
- վահանաձև գեղձի բորբոքում (թիրեոիդիտ)՝ պայմանավորված վիրուսներով կամ բակտերիաներով
- վահանաձև գեղձի ներսում ոչ քաղցկեղային հանգույցների առաջացում
- վահանաձև գեղձի քաղցկեղային ձևափոխություններ
- բուժման որոշ տեսակներ, օրինակ՝ ճառագայթային թերապիա, վահանաձև գեղձի վիրահատություններ կամ որոշ դեղեր
- ժառանգական որոշ հիվանդություններ:
- Հազվադեպ, հղիությունը նույնպես կարող է առաջացնել վահանաձև գեղձի խնդիրներ կամ սրացնել առկա խնդիրները: Չբուժելու դեպքում կարող են բարդություններ առաջանալ ինչպես մոր, այնպես էլ պտղի կամ նորածնի համար:
——————————————————————–
- Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով օրգանիզմում նկատվում են բազմաթիվ խանգարումներ, որոնք էականորեն ազդում են հիվանդի կյանքի որակի վրա: Վահանաձև գեղձը ավելի շատ հանդիպում է կանանց մոտ։
- Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում, իսկ գեղձի հիվանդությունների զարգացման դեպքում դրանք խանգարվում են: Սա նշանակում է, որ կարևոր է ժամանակին ախտորոշել հիվանդությունն ու բուժում ստանալ: Որպես կանոն՝ վահանաձև գեղձի հիվանդությունները երկար են բուժվում, երբեմն պահանջվում է նաև վիրահատական միջամտություն:
- Հատկանշական է, որ հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ հստակ ախտանշաններ չունենալ, իսկ եղած ախտանշաններն էլ կարող են ընկալվել՝ որպես այլ խնդրի հետևանք: Գեղձի հորմոնների՝ նորմայից քիչ կամ շատ արտադրվելու դեպքում կարող են նկատվել մի շարք խանգարումներ: