
Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:
Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:
Քիմիական հավասարումը ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:
Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը
1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):
2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:
3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:
Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:
Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման + նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):
4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.
Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին, հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:
Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):
Դիտարկենք քիմիական ռեակցիա կազմելու օրինակ.
Մագնեզիումի ժապավենը օդում այրելիս առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ:



մագնեզիումի ժապավեն մագնեզիումի այրումը մագնեզիումի օքսիդ
մ ա գ ն ե զ ի ու մ + թ թ վ ա ծ ի ն → մ ա գ ն ե զ ի ու մ ի օ ք ս ի դ
Կազմենք քիմիական հավասարման ուրվագիրը.
2Mg+O2→2MgO
Ինչպես տեսնում ենք, ձախ մասում մագնեզիումը մեկ ատոմ է, աջ մասում` նույնպես, ուրեմն հավասարեցնելու կարիք չկա: Հավասարման ձախ մասում թթվածինը երկու ատոմ է, իսկ աջ մասում` մեկ: Հավասարեցնելու նպատակով մագնեզիումի օքսիդի բանաձևից առաջ գրում ենք 2 գործակիցը.
2Mg+O2→2MgO
Բայց այժմ արդեն մագնեզիումի ատոմներն են աջ մասում ավելանում, կրկին հավասարեցնելու նպատակով ձախ մասում մագնեզիումից առաջ գրում ենք 2 գործակիցը և, փոխարինելով սլաքը հավասարման նշանով, ստանում ենք քիմիական հավասարումը վերջնական տեսքով.
2Mg+O2=2MgO
Այս սկզբունքով կարող ենք կազմել ցանկացած քիմիական հավասարում: