Ռազմամարզական ճամբար Արատես

Հոկտեմբերի 19-ին առավոտյան հաճախեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի, որից հետո միասին լուսանկարվեցինք և գնացինք դեպի Արատես։ Ճանապարհին զվարճանում էինք, ծիծաղում և խաղեր խաղում։ Ճանապարհը երկար էր, և բոլորս հոգնել էինք, այդ իսկ պատճառով, երբ հասանք Արատես, մի փոքր հանգստացանք, ապա գնացինք ճաշելու։
Ճաշելուց հետո սկսեցինք մեր պարապմունքները․ կատարում էինք շարային վարժություններ և սովորում, թե ինչպես կանգնեցնել արյունահոսությունը, ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն և այլն։
Երբ ավարտեցինք, մի քանի հոգով որոշեցինք իջնել գետի մոտ՝ հիանալու գեղեցկությամբ և նկարվելու։ Երեկոյան վառեցինք խարույկը և բոլորս հավաքվեցինք նրա մոտ․ զրուցեցինք, խաղեր խաղացինք, պարեցինք և երգեցինք, ապա գնացինք սենյակներ։ Սենյակում մի փոքր զվարճանալուց հետո քնեցինք։

Հաջորդ օրը արթնացանք վաղ առավոտյան և գնացինք նախավարժանքի, որտեղ սովորեցինք, թե ինչպես ճիշտ օգտվել զենքից։ Նախավարժանքը ավարտելուց հետո մի քանի աղջիկներով գնացինք խոհանոց, որպեսզի նախաճաշին պատրաստվենք։
Ճաշելուց հետո ցանկություն հայտնեցինք նորից իջնել գետի մոտ, քանի որ նախորդ օրը շատ էինք հավանել նրա գեղեցկությունը։ Խաղացինք մի քանի բակային խաղեր և կրկին վառեցինք խարույկը։ Կիսվեցինք մեր երազանքներով և նպատակներով՝ իրար ավելի լավ ճանաչելու համար։ Վայելեցինք մեր վերջին երեկոն Արատեսում և գնացինք քնելու։

Առավոտյան արթնացանք, հավաքեցինք մեր սենյակը և իրերը, նախաճաշեցինք և զրուցեցինք մեր ընկերների հետ։ Երբ անձրև սկսվեց, շարժվեցինք դեպի ավտոբուս։

Այս երեք օրերի ընթացքում ես ավելի լավ ճանաչեցի իմ ընկերներին և դասընկերներին, ձեռք բերեցի նոր ընկերներ։ Ես այս երեք օրերը միշտ ժպիտով կհիշեմ․ կհիշեմ որպես մի փոքրիկ արկած իմ և իմ ընկերների կյանքից։

Leave a comment