
Պարզ բայեր
Պարզ են այն բայերը, որոնց հիմքում բայածանց չկա՝ խոս–
ել, աղ–ալ, անտես–ել, փողփող–ալ, սիրահետ–ել, տնտեսավար–
ել, վերանորոգ–ել և այլն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Բայածանցից առաջ ընկած մասը՝ սկզբնահիմքը (կամ պարզ բայի բայահիմքը), բառակազմական տեսակետից կարող է լինել պարզ (արմատական) ՝ խայթ–ել, աղ–ալ, հալ–չ–ել, խաբ–վ–ել, կայծ–կլտ–ալ, մոտ–եցն–ել, կամ բաղադրյալ: Բաղադրյալ սկզբնահիմքը բառակազմական տեսակետից
կարող է լինել ածանցավոր՝ անտես–ել, դժգոհ–ել, ողջուն–ել, թագավոր–ել, բարդ՝ խաչակնք–ել, պոզահար–ել, ձայնագր–ել, տնտես–ել, կիսաբաց–ել, բարդ ածանցավոր՝ համագործակց–ել, ուսումնասիր–ել, բաժանորդագր–վել, բարոյալք–ել: Սրանք բոլորը բայակազմական տեսակետից համարվում են պարզ հիմքեր:
Բայի սկզբնահիմքը, ըստ խոսքիմասային պատկանելության, կարող է լինել՝
• բայարմատ կամ բայահիմք՝ լք–ել, թռ–չ–ել, փոխանց–ել,
• գոյական՝ խաղ–ալ, հիմն–ել, ըմբշամարտ–
ել, թղթակց–ել,
• ածական՝ ծռ–ել, կարմր–ել, խաղաղ–վ–ել, հաշտ–եցն–ել,
• թվական՝ երկրորդ–ել, երրորդ–ել, մի–ացն–ել, կիս–ել,
• մակբայ՝ մոտ–են–ալ, արագ–ացն–ել, առաջ–ան–ալ,
• բնաձայնություն՝ զնգ–ալ, զռռ–ալ, կռկռ–ալ, տզտզ–ալ:
Բարդ բայեր
Բարդ (վերլուծական, հարադրական) են այն բայերը, որոնք կազմված են երկու կամ ավելի առանձին գրվող բաղադրիչներից:
Բարդ բայերը լինում են երկու տեսակի՝ հարադրական բայեր և զուգադրական բայեր:
1. Հարադիր բայերը կազմված են լինում երկու ոչ համադաս մասերից, որոնցից երկրորդը պարտադիր բայական է, իսկ առաջինը՝ նույնպես բայական (մոռանալ տալ, չտեսնելու տալ) կամ ոչ բայական (լաց լինել, բաց թողնել, խաբս տալ, վրա տալ, երես թեքել):
Միայն բայական բաղադրիչներով հարադրական բայերը պատճառական
հարադրություններն են՝ գրել տալ, թռչել տալ
Ոչ բայական բաղադրիչով հարադրական բայերը կոչվում
են հարադիր բայեր: Դրանք բայական ազատ կապակցություններից (ուտելիք տալ, ուղղությունը փոխել, բժիշկ դառնալ) տարբերվում են նրանով, որ ուղղակիորեն չեն կարող վերլուծվել որպես լրացում–լրացյալ կառույցներ: Դրանք մեկ բառային միավորի արժեք ունեն: Տարբերակիչ հատկանիշ է նաև այն, որ հարադիր բայերի բաղադրիչները մեծ մասամբ չեն փոխատեղվում և իրենց միջև այլ բառ չեն հանդուրժում (օժանդակ բայից բացի), մինչդեռ բայական կապակցությունները կարող են շրջվել՝ վեր թռչել > թռչել վեր, դուրս թափել >թափել դուրս, խորհուրդ տալ > տալ խորհուրդ, այլ բառ ներառել՝ թռչել ավելի վեր, թափել տնից դուրս, տալ մի շատ օգտակար խորհուրդ և այլն:
2. Զուգադրական բայերը կազմված են լինում երկու համադաս տարբեր բայերից, որոնք գրվում են միության գծիկով՝ եփել–թափել, ուտել–խմել, կամ էլ առանց գծիկի՝ մեռնել պրծնել, պոկվել ընկնել:
Գործնական աշխատանք
1. Ընդգծե՛ք 3 պարզ բայ.
ա. սպառնալ, լրանալ, բռնանալ, ոռնալ, հուրհրալ, չքանալ
բ. փախչել, շնչել, կառչել, հանգչել, դիպչել, զեղչել
գ. թոշնել, կայծկլտալ, խառնել, պրծնել, հիմնել, մեռնել
դ. թռչկոտել, մրոտել, իջնել, խայտալ, որոտալ, հեծկլտալ
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Նա ինձ նրբորեն (զգալ, զգացնել) տվեց, որ ես սխալ եմ:
բ. Այս գինին քանի՞ տարի է (հնեցրած, հնացրած):
գ. Հարսն ու փեսան այնուհետև աղավնիներ (թռցրեցին,
թռցրին) օդ:
դ. Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի (փախչի, փախնի):
ե. Կատուն (ուռցրել, ուռեցրել) էր մեջքը և ֆշշացնում էր
իր ձագերին սպառնացող երեխաների վրա:
զ. Ձմռանը դպրոցում այնքան ցուրտ է լինում, որ մատներս
(սառում, սառչում) են ու փայտանում:
է. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ (քնացրել, քնեցրել) է
օրորոցայիններով:
Բայի սեռը
Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:
Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:
1. Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ենթակայի գործողությունը կրող առարկան լինում է նախադասության ուղիղ խնդիրը և ստանում է ի՞նչ(ը) կամ ո՞ւմ հարցը (Հասմիկը ջարդեց բաժակը: Երեխան ամենից շատ սիրում է իր մորը):
Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալ վ բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել — հարգվել, դնել — դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել:
Բացառություն են մի քանի ներգործական սեռի բայեր՝ ունեմ, ունենալ, գիտեմ, գիտենալ, ուզենալ, ափսոսալ, երդվել, երկնել և այլն, որոնք վ ածանց չեն ստանում և կրավորական
չեն դառնում, կամ դա խիստ հազվադեպ է լինում՝ պատվել («մեծարել»), հեծնել,
հավանել, սովորել, ուզել, նվագել, վայելել, ըմբոշխնել և այլն:
2. Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող
խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել — նշանակել, բերվել — բերել:
Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–
ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի –ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել >թռց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ–ել, լցն–ել > լց–վ–ել): Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան–ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել): Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից:
Կրավորական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են և
խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:
3. Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել: Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին: Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):
Չեզոք սեռի բայերի ձևաբանական առանձնահատկությունն այն է, որ դրանք կա՛մ չունեն և չեն կարող ստանալ վ ածանց՝ սառչել, մտնել, ծիծաղել, կա՛մ էլ ունեն և չեն կարող կորցնել
վ ածանցը՝ բնակվել, գանգատվել, գժվել, զբաղվել, թաքնվել, խելագարվել, կորսվել, համարձակվել, հարձակվել, հարմարվել, հիասթափվել, հնազանդվել, հպատակվել, հրաժարվել, մոլորվել, մռայլվել, նմանվել, չքվել, պարտվել, սթափվել, սսկվել, սիրահարվել, սխալվել, վախճանվել, վհատվել, ուշաթափվել, օգտվել և այլն: Բացառություն են ազդել և ներգործել բայերը, որոնք ուղիղ խնդիր չեն ստանում (չեզոք սեռի են), սակայն ստանում են վ ածանց և դառնում կրավորական: Չեզոք սեռի են նաև –չ– և –ան– սոսկածանցներով բայերը (բացառություն է լվանալ բայը):
Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել >սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել> սթափեցնել, սողալ > սողալ տալ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բնաձայնական որոշ բայերից (խռխռալ, փնչալ, թրմփալ և այլն) պատճառական ածանցով կազմված դրանց հոմանիշները (խռխռացնել, փնչացնել, թրմփացնել) նույնպես չեզոք բայեր են:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Մի քանի բայեր չեզոք են թե՛ վ ածանցով, թե՛ առանց դրա՝ արձագանք(վ)ել, բռնկ(վ)ել, զմայլ(վ)ել, ընձյուղ(վ)ել, խռպոտ(վ)ել, հակառակ(վ)ել, համաձայն(վ)ել, նեղսրտ(վ)ել, փար(վ)ել և այլն:
Մի քանի այլ չեզոք բայերի վ–ով (նույնպես չեզոք) տարբերակները խոսակցական են և մերժելի՝ ապստամբ(վ)ել, գործառ(վ)ել, դեղն(վ)ել, զուգադիպ(վ)ել, խաչակնք(վ)ել, ծլկ(վ)ել, հոժար(վ)ել, ճաքճք(վ)ել, մթագն(վ)ել, շրջանառ(վ)ել, պապակ(վ)ել, վիճ(վ)ել, տափակ(վ)ել, տվայտ(վ)ել, տուժ(վ)ել, ցամաք(վ)ել, քծն(վ)ել և այլն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Վերաբերել–ը և վերաբերվել–ը տարբեր բայեր են: Վերաբերել նշանակում է «առնչվել, կապ ունենալ» և գործածվում է իրանիշ գոյականով արտահայտված ենթակայի հետ: Վերաբերվել նշանակում է «վերաբերմունք դրսևորել, վարվել » և գործածվում է միայն անձնանիշ գոյականով
արտահայտված ենթակայի հետ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4
Անպատվել, արտասվել, գգվել, երդվել, զզվել, թոթվել, թթվել, կռվել, հաշվել, հովվել, հրճվել և մի շարք այլ բայերի վ–ն ոչ թե սեռածանց է, այլ բառակազմական ածանց կամ արմատի վերջնահնչյուն:
Չեզոք սեռի են համարվում նաև անդրադարձ (լվացվել, սանրվել, հագնվել, հարդարվել, զուգվել, սափրվել) և փոխադարձ (համբուրվել, ողջագուրվել, գրկախառնվել, գժտվել, հաշտվել, տեսնվել) բայերը:
Սրանց դեպքում տրամաբանական ներգործող խնդիրը համընկնում է ենթակային (Ես սանրվեցի
= Ես իմ կողմից սանրվեցի = Ես ինձ սանրեցի: Մենք համբուրվեցինք = Մենք միմյանց կողմից համբուրվեցինք =Մենք իրար համբուրեցինք): Ներգործականներից վ ածանցով կազմված մի շարք
բայեր խոսքի մեջ կարող են գործածվել մերթ կրավորական (Պատուհանը քամուց բացվեց: Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին), մերթ չեզոք սեռի նշանակությամբ (Ծաղիկը բացվեց: Մենք բաժանվեցինք):