Մովսես Խորենացի՝ «Հայոց պատմություն»

Հայոց թագավորն էր Արի Հայկի ժառանգներից Տիգրանը: Տիտան Բելի ժառանգներից Աժդահակն էր Տիտանների թագավոր: Եվ խաղաղության դաշինք էին կնքել նրանք իրար հետ: Բայց Տիգրանի զորությունը մշտապես երկյուղի մեջ էր պահում Աժդահակին: Նրան առավել մտահոգում և անհանգստացնում էր հայ և պարսիկ արյունակից Արի Ազգերի միջև եղած սիրո կապը, որ առավել հզորացնում էր Տիգրանին:Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված՝ մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել:Աժդահակը, այդ երազից սարսափած, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսաբացին, շտապ կանչում է իր խորհրդականներին: Երբ խորհրդականները հավաքվում են, Աժդահակը տրտում և մտահոգ, հայացքը գետին հառած, խոր թառանչ է արձակում: Խորհրդականները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտալով նրանց պատմում է իր տեսած ահավոր երազը:

— Իմ սիրելինե՜ր,- ասում է նա,- երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան վրա, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով: Կարծես մեկը ասելիս լիներ, որ դա Հայամարդերի երկիրն է: Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով՝ բարձր լեռան գագաթին նստած: Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված: Ես հիացմունքով ու ակնապիշ նայում էի այդ կնոջը: Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազուններ: Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա նստած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը՝ հրեղեն նժույգ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա: Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էր կանգնած նաև մեր Աստվածը՝ իր հրաշալի տեսքով. և ես, ձեզ հետ միասին, նրան պատվում էի զոհերով ու խնկով: Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն հրեղեն ձիավորին, որ արծվի նման վար սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր Աստծուն: Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի գազանի հարձակումն ինձ վրա ընդունեցի:

ՈՒ երկար, շատ երկար կռվեցինք տարբեր զենքերով: Եվ կռիվը վերջացավ իմ կործանումով: Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ և թվում էր, թե այլևս կենդանի չեմ: Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Արի Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում: ՈՒստի խնդրում եմ ձեզ՝ խոսքով ու գործով, բարի խորհրդով ինձ աջակից ու օգնական լինեք: Խորհրդակիցները բավական օգտակար մտքերու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է: Ապա զոհ է մատուցում Վիշապ Աստծուն և խնդրում՝ օգնել իրեն ազատվելու Տիգրանից, որը օր ու գիշեր աներևույթ հալածում է իրեն արթուն թե քնած ժամանակ:Վիշապը հայտնվեց Աժդահակին և ասաց.- Ո՛վ, ամենամե՜ծդ քաջերի մեջ, գիտցիր, որ թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է:

Եվ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջ՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն կնության առնելն է: Ձեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն քեզ ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով, մատնեն քո ձեռքը, իբրև մի անզոր տղայի:Եվ Աժդահակը անմիջապես անցավ գործի: Նա պատգամավորներ ուղարկեց Տիգրանի մոտ, մեծամեծ նվերներով: Նրանք ներկայացան Տիգրանին և նրան հանձնեցին Աժդահակի նամակը: Աժդահակը գրում էր. «Մեր եղբայրություն ըգիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան Աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև: Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսիցնպաստող չի լինի: Բարեկամոթյամբ պայմանավորված այդ շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները: Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քոքրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն: Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի: Ո՜ղջ եղիր, իմ թագակից և սիրելի եղբա՜յր»:

Տիգրանը համաձայնվում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին: Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում: Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը:Անցնում են տարիներ: Աժդահակի մեջ ավելի ու ավելի են խտանում չար ու խարդախ մտքերը: Եվ նա արդեն Տիգրանին կործանելու ծրագիր էր նյութում: Եվ փորձում էր այդ գործին մասնակից դարձնել կնոջը՝ Տիգրանուհուն:- Դու տեղյակ չես,- ասում է Աժդահակը,- որ քո եղբայր Տիգրանը իր կնոջ դրդմամբ նախանձում է քեզ՝ համայն Չարյաց տիկնանց տիկին դառնալուդ համար: Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Տիգրանի կինը կկարգվի Արյաց ու Չարյաց վրա միանձնյա տիկին: Այժմ ամեն ինչ քեզանից է կախված. կա՜մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը, կա՜մ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:Խիստ վշտացավ Տիգրանուհին ամուսնու խոսքերից՝ մի ահավոր գուժ կար նրանց մեջ: Եվ խախտվեց նրա անդորրը, փախավ նրա քունը: Տառապալից մտքերի մեջ ընկած, նա առանձնացել էր, ոչ մեկի հետ չէր խոսում՝ ինքն իր հետ էր և իր չարագուշակ մտքերի: Ցերեկները փակվում էր սենյակում, իսկ գիշերները միայնակ թափառում էր դաշտերում:Անքնությունից, հոգեկան տառապանքներից և հուսահատությունից թուլացած, Տիգրանուհին ընկավ գետին և ուժ չուներ ոտքի կանգնելու:Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան, գրկեց և ասաց.- Ես գիտեմ քո վիշտը, զավա՜կս:Տիգրանուհին փարվեց Աստվածամայր Անահիտի կրծքին ու լաց եղավ.- Ասա ինձ, ո՛վ, Մա՜յր, ինչպե՞ս վարվեմ ես: Խոր թշնամություն ունի Աժդահակը Տիգրանի դեմ:

Ո՞Ւմ կողմը գնամ ես, ո՞ւմ դավաճանեմ: Տիգրանը իմ եղբայրն է, և ես նրա հետ կապված եմ արյունով. ես չեմ կարող դավաճանել իմ արյանը: Աժդահակն էլ իմ ամուսինն է, և ես նրա հետ կապված եմ իմ զավակներով. ես չեմ կարող դավաճանել իմ զավակներին: Ասա, ի՞նչ անեմ:Եվ Աստվածամայր Անահիտը ասաց.- Դժվար հարց ես տալիս, աղջիկս: Երբ մի հավք կտրվում է իր երամից և մտնում է ուրիշ երամի մեջ, ապա այդ երկու երամների փոխադարձ թշնամանքի առաջին զոհը հենց ինքն է լինում: Դու ծագումով Արի ես, իսկ մայրությամբ՝ Չարի: Եվ այդ երկու Ցեղերի թշնամանքից դու առաջինն ես զոհ լինելու, եթե չկարողանաս մեղմել նրանց թշնամանքը:Այնուհետև Տիգրանուհին ամեն կերպ փորձում էր համոզել Աժդահակին՝ մեղմելու իր թշնամանքը Տիգրանի նկատմամբ և հրաժարվելու իր չար մտադրությունից:- Ես երդվել եմ իմ Աստծուն, որ Տիգրանի արյունը պիտի զոհաբերեմ նրան, -պատասխանում է Աժդահակը և ավելի ու ավելի եռանդով նախապատրաստում է իր խարդավանքի իրագործումը:Տիգրանուհին հոգնած և հուսահատված կանգնում է Աժդահակի առջև ևասում.- Տիտանյան արքա՜, թե դու մեր Աստծուն խոստացել ես Արյաց արքայի արյունը զոհաբերել, ապա իմ մեջ հենց Արյաց արքայական արյունն է հոսում: Ես կամավոր զոհ կլինեմ և կազատեմ քեզ քո երդման ծանրությունից: Քո երեխաների մոր ինքնազոհաբերումը գուցե հագեցնի մեր Աստծո ծարավը և մեղմի քո մեջ այդ չար թշնամանքը:Ասաց Տիգրանուհին և դաշույնը մխրճեց իր կուրծքը:Աժդահակը շատ ողբաց իր սիրելի կնոջ մահը: Նա մեծ սուգ հայտարարեց ամբողջ Տիտանյան երկրում: Եվ քառասուն օր սուգ էր արվում: Քառասուն օր արգելված էր ծիծաղը, արգելված էին խաղն ու պարը և ամեն մի ուրախություն: Աժդահակը մի հոյակերտ դամբարան սարքել տվեց. Տիգրանուհու զմռսված մարմինը դրեց այնտեղ: Եվ դամբարանի ճակատին փորագրել տվեց. «Մայր աստվածային, կին նվիրյալ, քույր հավատարիմ»: Եվ տիտանյան Աստվածները՝ Վիշապն ու Յահվահը օծեցին Տիգրանուհու դամբարանը:Մինչ այդ դեռ չտեսնված ու չլսված սուգի լուրը հասավ Հայաստան: Տիգրանը շատ վշտացավ, բայց սուգ չարեց: Նա հավաքեց իր զորքը և պատրաստվեց պատերազմով պատժելու Աժդահակին և Տիգրանուհու մարմինը բերելու Հայաստան: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:-

Ո՛վ, Վահա՜գն, ո՛վ, Զորության Աստվա՜ծ, — կանչեց նա, — օծիր իմ սուրը, որ վիշապազուն այդ վիշապի մահաբեր գանգը փշրեմ, որ բարեկամ ձևանալով, իր օձաբարո գալարումներով օղակել է ինձ և փաթաթվել իմ պարանոցին: Զորավիգ եղիր ինձ, որ Աժդահակին տապալելով, հավիտենական գերությունից ազատեմ Տիգրանուհու մարմինը:Երբ Աժդահակը իմացավ, որ Տիգրանը Արյաց մեծ զորաբանակով արշավում էիր վրա, մտավ Տիգրանուհու դամբարան, ծնկի իջավ նրա առջև ու դառնությամբ ասաց.- Ո՛վ, սրբագո՜ւյնդ սրբերի մեջ, քեզ թվում էր, թե քո ինքնազոհությամբ կհաղթե՞ս մեր թշնամանքին: Տիգրանը վրեժով լցված, պիտի սպանի ինձ. ես էլ, վախենալով նրա վրեժից, պիտի սպանեմ նրան: Եվ մեր թշնամանքը կվերանա մեզանից մեկի մահով միայն: Եվ ես աղոթելու եմ իմ Աստծուն, խնդրելով հաղթություն միայն մի բանի համար, որ դու մնաս իմ երկրում՝ որպես մայրության, կնության, քույրության վեհագույն խորհուրդ:Եվ Աժդահակը մեծ զորք հավաքեց, զոհ մատուցեց իր Աստծուն ու գնաց Արյաց զորքին ընդառաջ:Հանդիպում են Արյաց ու Չարյաց զորաբանակները, և սկսվում է կատաղի ճակատամարտը: Կռիվը տևում է բավական երկար. քաջերը քաջերի հանդիպելով, մեկը մյուսին դյուրությամբ թիկունք չէր դարձնում: Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին:Կռիվը ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:

Հաղթական Տիգրանը արշավում է Տիտանյան երկրի մայրաքաղաք: Չի ավերում այն, ոչ մեկին վնաս չի տալիս: Նա կանգնում է Տիգրանուհու դամբարանի առջև և հրամայում է քանդել այդ դամբարանը և Տիգրանուհու զմռսված մարմինը տեղափոխել Հայաստան:Բայց Տիգրանի առջև կանգնում են Աժդահակի որդիները և ասում.- Ո՛վ, Արյաց արքա՜, դու հաղթական ես, այո, դու քո զորությամբ կարող ես ավերել ամբողջ մեր երկիրը, բայց մեր հոգիների վրա տեր չես կարող լինել: Սա քո քույրն է և նրա վրեժը լուծելու համար դու սրով մտար մեր երկիր: Բայց նա մեր մայրն է: Եվ մենք թույլ չենք տա, որ մեր մոր մարմինը պղծես, նրան տեղափոխելով Արարատ: Արարատը մեզ համար օտար հող է: ՈՒստի մեր մայրը օտար հողում չպետք է լինի: Թեև նա հրածին է, բայց հողածինների մայր է, և բոլոր հողածինների նման մեր Մայր Հողին պիտի հանձնվի:Տիգրանը բարկացավ, հանեց իր սուրը, որ սպանի այդ հանդուգն վիշապազուններին, բայց հանկարծ հայտնվեց Աստվածամայր Անահիտը, բռնեց նրա ձեռքը և ասաց.- Վրեժի մոլուցքը մթագնել է քո հոգին, զավա՜կս: Գիտցի՜ր, որ հաղթական սուրը պատժելու համար չէ միայն, այլ արդարություն հաստատելու համար է նաև: Տիգրանուհին ծագումով է միայն Արի, իսկ մայրությամբ նա Տիտան է: ՈՒստի նրա Արի եղբայրն իզորու չէ տնօրինելու նրա մարմինը: Այն տնօրինում են նրա Տիտան որդիները: Տիգրանը հնազանդվեց Աստվածամոր կամքին և Տիգրանուհու մարմինը հանձնեց նրա որդիներին: Նրանք իրենց մոր մարմինը հանեցին դամբարանից և մեծ պատվով հանձնեցին իրենց Մայր Հողին:Տիգրանը մասնակցեց Տիգրանուհու թաղմանը, ապա Աժդահակի ավագ որդուն կարգեց արքա և իր զորքը վերցրած վերադարձավ Հայաստան:

Հարցաշար՝

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Մովսես Խորենացի «Տիգրան և Աժդահակ»

Աժդահակը Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, և մտածում, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում․․․․Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին․․․․

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
 Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց․․․․Ծննդաբերության ցավերով էր բռնված։

․․․․Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։․․․․Ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել ․․․․ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։․․․․Կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Leave a comment