Հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թվական մարտի 28-ին Շուշի քաղաքում: Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս Է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը:
Նելսոն Ստեփանյանը 1914թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1930թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935թ.` Բատայսկի (ՌԽՖՍՀ) քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ 1935-1938թթ. աշխատել է որպես հրահանգիչ-ուսուցիչ: 1938-1941թթ. սովորել է Միներալնիե Վոդի քաղաքի օդաչուական բարձրագույն դասընթացներում:
Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) սկզբին Ստեփանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում: «Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում:
20-րդ թռիչքի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո՝ 1941թ.-ի սեպտեմբերից, օղակի հրամանատար Ստեփանյանը Բալթիական նավատորմի 7-րդ ավիաբրիգադի կազմում պաշտպանել է Լենինգրադը, համարձակ ու անձնուրաց գործողությունների համար արժանացել է հերոսի կոչման (1942թ.):
1942թ. նշանակվել է 57-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, բայց նրան ճակատից հետ են կանչել, հանձնարարել կադրերի պատրաստման աշխատանք Բալթիական նավատորմի ռազմածովային ուժերի թռիչքային և բարձրագույն սպայական դասընթացներում: Սակայն խնդրանքներին տեղի տալով՝ նրան կրկին տեղափոխել են ռազմաճակատ:
1944թ.-ի ապրիլին գունդը գործուղվել է Ղրիմ, որտեղ Ստեփանյանն աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի մարտերում: 1944թ. Բալթիական նավատորմի կազմում մասնակցել է թշնամու ուժերի ոչնչացմանը Ֆիննական ծոցում, Մերձբալթիկայից ֆաշիստների դուրսմղմանը:
Ավելին՝ այստեղ