
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
Մսուր – երկար տաշտաձև տախտակամած, որտեղ լցնում են կենդանիների կերը
2.Ինչպե՞ս կբացատրես համեստություն բառի իմաստը։
Համեստություն նշանակում է չլինել գոռոզ, անխելք, ծույլ, չար, գլուխ գովան, ագահ, պարծենկոտ, անկուշտ, այլ լինել բարի, պարկեշտ, համեստ։ Համեստ մարդիկ միշտ արժանանում են բարի խոսքերի։ Համես մարդիկ այս աշխարհում տեղ ունեն, իսկ գոռոզ, չար, գլուխ գովան, ագահ, պարծենկոտ, անկուշտ մարդիկ տեղ չունեն աշխարհում։
3.Նկարիր քո պատկերացրած ամանորյա եղևենին և զարդարիր։
4.Տոնածառի ծագման մասին ի՞նչ այլ պատմություններ կարող ես պատմել։
Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով: 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականությանհայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը: Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով:
5.Նախադասության ընդգծված բառը փոխարինիր տրվածներից մեկով։
Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ։
Ձեր պետության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին։
Դեպքի մասին շատ ուշ իմացավ։
Վիճակն այնքան լարված էր ,որ վախենում էր ընկերներին կորցնելուց։
Այդպիսի միտք չեմ ունեցել։
Մրցում կազմակերպելիս ինձ տեղյակ պահիր։
6.Բառաշարքում առանձնացրու այն հասարակ անունները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ: Շարունակիր շարքը:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
7. Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ – մշեցի
Իտալիա – իտալացի
Հայաստան – հայաստանցի
Արցախ – արցախցի
Իսպանիա – իսպանացի
Բելգիա – բելգիացի
Նյու Յորք – նյույորքցի
Էջմիածին – էջմիածնեցի
Անի – անեցի
Մեղրի – մեղրեցի
Իրան – իրանցի
Բյուզանդիա – բյուզանդացի
Սյունիք – Սյունեցի
Նոր Նախիջևան – Նոր նախջեվանցի
Տավուշ – տավուշցի
Եգիպտոս – եգիպտացի
Գյումրի – գյումրեցի
Ջավախք – ջավախքցի