Կոտայքի մարզի տեսարժան վայրերը. 9.11.2021

ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: 

Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: 

Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են IX-X դդ. կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին:
2007-2008 թթ-ից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները:

Աղբյուրը այստեղ

Բջնիի Սուրբ Աստվածածին Վանք

Բջնիի Ս. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Այն հիմնադրվել է 1031 թ.: Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին` Հովհաննես Սմբատ թագավորի և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ:

1272թ. եկեղեցու հարավային մասին կից կառուցվել է թաղածածկ մատուռ: Նրա արևմտյան պատի խորշում տեղադրվել է մի մեծ խաչքար: Վանքի տարածքում կան մեծ համբավ ունեցող վարպետների բազմաթիվ խաչքարեր այդ թվում Մելիքսետ վարպետի ստեղծած երկու խաչքարեր:

Լենկթեմուրի արշավանքի ժամանակ վանքը վնասվել է. վանահայր Վանական վարդապետը սպանվել է եկեղեցում: XV դարում վանքը վերականգնել է իր երբեմնի փառքն ու հեղինակությունը, և նորից դարձել հոգևոր և գիտական խոշոր կենտրոններից մեկը: Այդ ժամանակ վանքում բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, այդ թվում նաև Գրիգոր եպիսկոպոսի ընդօրինակած Ավետարանը:

Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի հետ կապված է մի առասպել: Ասում են, որ Բջնիի բերդը և վանքը կապված էին իրար հետ ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին ուտելիք և խմելիք էին հասցնում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ստորգետնյա անցումի մի հատված, սակայն ճանապարհի գոյությունը կասկածներ է առաջացնում մասնագետների մոտ: Նրանք հակված են մտածելու, որ դա միայն գեղեցիկ առասպել է`հորինված Բջնիի բերդի պաշտպանողների սխրանքները փառաբանելու համար:

Աղբյուրը այստեղ

Leave a comment