
Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:
Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:
Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:
Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։
Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար: